Renault-ն Ֆրանսիայում 7.500 աշխատատեղ կկրճատի

21:26 • 15.01.13

Ավտոմեքենաներ արտադրող Renault ընկերությունը ծրագրել է, որ մոտակա 4 տարիների ընթացքում Ֆրանսիայում 7.5 հազար աշխատատեղ կկրճատի: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Bloobmerg-ին, որը մեջբերում է կազմակերպության ներկայացուցիչ Սոֆի Շանտեգեի խոսքերը:


Ըստ նրա՝ մոտ 5.7 հազար աշխատատեղ հնարավոր կլինի կրճատել մարդկանց ինքնակամ դիմումների և թոշակի անցնելու արդյունքում: Ֆրանսիական Renault-ի ղեկավար Ժերար Լեկլերկը նամակում նշել է, որ աշխատողներին տեղեկացրել են, որ կրճատումները անհրաժեշտ են ձեռնարկության մրցունակության համար:


Ներկայում Renault-ն արհմիությունների հետ քննարկում է աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը: Կազմակերպությունն առաջարկում է իր բոլոր գործարաններում կիրառել 35 ժամյա աշխատանքային շաբաթ: Իսկ աշխատանքային ժամանակը մեծացնելու համար ղեկավարությունն աշխատակիցների ընդմիջումը կդարձնի 20 րոպե: Այս միջոցառումների արդյունքում Renault-ն նախատեսում է 65 միլիոն եվրո խնայել: