Երկրորդ փուլ չի լինի, եթե միավորվեն անգամ նախագահի մյուս 7 թեկնածուները. քաղաքագետ
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր կայացած ասուլիսին տեսակետ հայտնեց, որ գալիք նախագահական ընտրություններին երկրորդ փուլ չի լինի, եթե անգամ բոլոր յոթ թեկնածուները միավորվեն ընդդեմ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի։
Ըստ նրա՝ քաղաքական այն իրավիճակը, որը ստեղծվեց Հայաստանում անցյալ տարվա վերջին, ցույց տվեց, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում որևէ լուրջ մրցակցություն չի լինի, և այդ իրավիճակը ավելի քան բարենպաստ պայմաններ ստեղծվեց գործող նախագահի համար։
«Բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության, մնացած բոլոր ուժերը հրաժարվել են մասնակցել ընտրություններին։ Իսկ որևէ այլ մասնակցի, որի ետևից չկա ինչ–որ լուրջ քաղաքական ուժ, մասնակցությունը կամ ձևական կլինի, կամ կլինի մասնակցություն մասնակցության համար»,–ասաց նա՝ նշելով, որ սա ոչ թե անհատների խնդիր է, այլ ստեղծված քաղաքական իրավիճակի հետևանք է։
Հիշեցնենք, որ գործող նախագահից բացի երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն նաև «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Սերգեյ Մինասյանը տրամաբանական է համարում Րաֆֆի Հովհանիսյանի, Արման Մելիքյանի և Հրանտ Բագրատյանի մասնակցությունը ընտրություններին, քանի որ վերջիններս, ըստ նրա, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքին ինչ–որ կերպ մասնակցություն են ունեցել։ «Կարծում եմ, որ իրենք այս կերպ երևում են, և ես նորմալ եմ համարում այս երեքի մասնակցությունը»,–նշեց նա։
Ըստ բանախոսի՝ արդեն հասկանալի է, որ օբյեկտիվ պայմաններից և ներկա քաղաքական իրավիճակից ելնելով, այս ընտրությունները կլինեն տեխնիկական։ Մասնագիտական առումով իր համար հետաքրքիր կլինի հետևել ընտրություններին, բայց հասկանալի է, որ դրանք այնքան էլ մրցակցային չեն լինի, չի լինի և ոչ մի ինտրիգ։ Հենց դրանով էլ Սերգեյ Մինասյանը պայմանավորում է հանրության անտարբերությունը քաղաքական իրադարձությունների նկատմամբ։










