«Սովռանո» ընկերությունը նշեց իր 15-ամյակը (լուսանկարներ)

18:14 • 15.01.13

«Սովռանո» ընկերությունը անցած շաբաթ օրը, հունվարի 12-ին, «Մարիոթ» հյուրանոցում նշեց իր հիմնադրման 15-ամյակը: Ընկերության հիմնադիր Սոս Սահակյանը կազմակերպված միջոցառմանը, շնորհավորելով բոլոր աշխատակիցներին, նշեց, որ ըստ էության «Սովռանո»-ն 20 տարեկան է, և ահա թե ինչու. «Ես պետական ծառայությունից դուրս եմ եկել 20 տարի առաջ: Մի քանի ընկերներով մեկնեցինք Ռուսաստան և առաջին գումարները վաստակեցինք այնտեղ, որը հիմք հանդիսացավ 5 տարի հետո Հայաստանում մեր բիզնեսի հիմքերը դնելու: Այդ 20 տարիները շատ արագ անցան: Այս ընթացքում շատ ընկերություններ փակվեցին, վերացան, սակայն մեր ճիշտ կազմակերպած աշխատանքի շնորհիվ այսօր «Սովռանո»-ն զարգանում է ու առաջադիմում, ընդլայնում գործունեության ոլորտները»,- ասաց նա:


Ընկերության գլխավոր տնօրենի խորհրդատու Սուրեն Մադոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Սովռանո»-ն ներկայումս Հայաստանում հրուշակեղենի և ալկոհոլային խմիչքների ներկրման ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկն է:


«Սովռանո»-ն շուկային հայտնի է Nemiroff, 5 Озер, Sorini, Illy, ABK, Dilmah, Balconi և այլ ապրանքանիշերով: Ընկերությունը մշտապես եղել է Հայաստանի խոշոր հարկատուների 100-յակում:


2011թ. արդյունքներով (2012թ.-ի ամփոփ արդյունքները ՊԵԿ-ը դեռ չի հրապարակել – Tert.am) «Սովռանո»-ն հարկատուների ցանկում եղել է 47-րդը՝ պետական բյուջե վճարելով 1 մլրդ 624 մլն դրամ հարկ:


Հրուշակեղենի վաճառքի երկարամյա փորձից ելնելով` ընկերությունը նպատակահարմար գտավ Հայաստանում հիմնել սեփական արտադրությունը: «15 տարիների ընթացքում «Սովռանո»-ի բիզնեսի հաջողությունը հիմնականում պայմանավորված է ընկերության ճիշտ կառավարման ու բիզնեսի կազմակերպման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ: Այսօր ունենք բավականին մեծ աշխատակազմ`բարձր աշխատավարձերով»,-ասաց նա:


Մադոյանը նաև նշեց, որ այսօր «Սովռանո» ընկերությունը համագործակցում է աշխարհի շուրջ 20 երկրներ ներկայացնող ընկերությունների հետ՝ Ուկրաինա, Իտալիա, Ռուսաստան, Շրի Լանկա, ԱՄՆ, Լեհաստա, Բրազիլիա և այլն: Համագործակցության ամենամեծ բաժինը Ուկրաինայինն է:


Ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ուկրաինայի լիազոր դեսպան Իվան Կուխտան: Վերջինս, շնորհավորելով «Սովռանո» ընկերության անձնակազմի Նոր տարին և 15-ամյա հոբելյանը, նշեց, որ Ուկրաինայի հետ «Սովռանո»-ի բազմամյա համագործակցությունը Ուկրաինայի կողմից բարձր է գնահատվում: Այդ գնահատականի արդյունք է ընկերության նախագահ Սոս Սահակյանին Հայաստանում Ուկրաինայի պատվո հյուպատոս ընտրելու փաստը: Նա հույս հայտնեց, որ «Սովռանո» ընկերության հետ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կխորանա: