Իտալիայում ժայթքել է Ստրոմբոլի հրաբուխը
Իտալական կղզի-հրաբուխ Ստրոմբոլին կրկին գերակտիվացել է և մեծ քանակությամբ լավա արտանետել, որը Sciara del fuoco հովտով հոսելով թափվել է ծովը, գրում է Euromag-ը։
Ավելի ուշ՝ կեսօրին, դրան հաջորդել է մեկ այլ ուժեղ ժայթքում, որն ուղեկցվել է արշիպելագի մյուս կղզիներից տեսանելի ծխի վիթխարի ամպով։ Այս դեպքում ևս հրաբխից արտանետված մագման թափվել է ծով։
Ստրոմբոլին շարունակում է մնալ ակտիվացած վիճակում. անցած օրերի ընթացքում գրանցվել է 23 սեյսմիկ ազդակ, որոնք պայմանավորված են եղել լավայի արտանետման պատճառով տեղի ունեցող սողանքներով։
Ինչպես նշում է Italia-ru-ն, ստեղծված իրավիճակը գտնվում է մասնագետների հսկողության տակ, ովքեր հրաբխի ներկայիս ակտիվությունը գնահատել են միջին բարձր։ Ստրոմբոլիի քաղաքապետ Մարկո Ջորջանին նշել է, որ անցած 2 ուժեղ ժայթքումների հետևանքով բնակիչներից որևէ մեկը չի տուժել։










