ԱՄՆ-ի զինված ուժերում 2012թ. ռեկորդային թվով ինքնասպանություններ են գրանցվել
ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողների շրջանում 2012թ. գրանցվել են ռեկորդային թվով իքնասպանություններ` գերազանցելով ռազմական գործողությունների ժամանակ սպանվածների ընդհանուր թիվը, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Պենտագոնի տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում ինքնասպանություն է գործել 349 կադրային զինծառայող, ինչը 15%-ով ավելին է 2011թ. համեմատ: 2012թ. ինքնասպանությունների ընդհանուր թվից 182 դեպքը տեղի է ունեցել ցամաքային ուժերում, 60 ինքնասպանություն գրանցվել է ռազմածովային ուժերում, 59 դեպք` ռազմաօդային ուժերում և 48 դեպք` ծովային ուժերում:
«Սա համաճարակ է, որը չի կարելի անտեսել»,- գործակալությունը մեջբերում է սենատոր Փեթի Մյուրեի հայտարարությունը: Նրա խոսքով՝ նորակոչիկները և զինված ուժերի վետերանները բախվում են աննախադեպ մարտահրավերների, և իշխանությունները պետք է ավելին անեն նրանց չկորցնելու համար:
Փորձագետների կարծիքով՝ նյարդային պոռթկումները, որոնք հանգեցնում են ամեն տարի ավելացող ինքնասպանությունների, կապված են հակամարտության գոտի գործուղումների քանակի հետ, ինչպես նաև ֆինանսական և ընտանեկան խնդիրների հետ, որոնք առնչվում են նման գործուղումներին:










