Հալեպի համալսարանի պայթյունից 1 հայ է վիրավորվել. պայթյուններ են հնչել նաև հայկական թաղամասում

15:04 • 16.01.13

Հալեպի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի շենքի և կից հանրակացարանի մոտ տեղի ունեցած պայթյունից բացի, պայթյուններ են հնչել նաև Հալեպի հայկական թաղամասերում։

 

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ պայթյուններ են գրանցվել նաև Սուլեյմանիե-Ջաբրիե թաղամասերում, որտեղ շատ են հայերը։ Պայթյունը տեղի է ունեցել օդում՝ սարսափի մատնելով բնակիչներին։

 

Ականներ են պայթել նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասում՝ պատճառելով հիմնականում նյութական վնասներ։


Համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել էր 83 մարդ, վիրավորների թիվը 165-ն է։

 

Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ քիչ առաջ տեղեկացել են համալսարանի մոտի պայթյունից մեկ հայի վիրավորվելու մասին։ Նա ուսանող չէ և վիրավորվել է աշխատավայրի մոտակայքում։


Կարճատև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շեխ Թահա պողոտայում, որտեղ շատ են հայկական ընտանիքները։