Էպոսագետի հայտարարությունը հակահայկական տրամադրություններ է ստեղծել Վրաստանում. Առնոլդ Ստեփանյան

11:46 • 16.01.13

Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, ըստ որի՝ իր նախագահ դառնալու դեպքում անեքսիայի կենթարկի (բռնի ուժով կզավթի-Tert.am) Վրաստանի տարածքները, լուրջ հակահայկական տրամադրություններ է ստեղծել Վրաստանում՝ ինչպես քաղաքական ուժերի շրջանակներում, այնպես էլ վրացական հասարակության ներսում:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

 

«Այն, որ նրան այդտեղ լավ չեն ճանաչում և լուրջ են վերաբերվում, ստիպում է, որ նրա այդ հայտարարությունը վերջին երկու օրերին լինի վրացական մամուլի էջերում և տեղեկատվական թողարկումներում: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մեկնաբանություններ կան: Մոտավորապես այնպիսին, ինչպես կլինեին Հայաստանում, եթե Վրաստանի նախագահի թեկնածուներից մեկը հայտարարեր, որ իր իշխանության դեպքում անեքսիայի կենթարկի Զանգեզուրը կամ հայկական այլ տարածք»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ Վրաստանում նման տրամադրություններ ստեղծելը շատ հեշտ է և «նետված սերմն անմիջապես բերք է տալիս»:

 

«Բազմազգ Վրաստանը» իրավիճակն է՛լ ավելի չթեժացնելու և այդ խաղի մաս չդառնալու համար, պատրաստվում է Վրաստանի վարչապետի վաղը Հայաստան կատարելիք այցից հետո որոշ քայլեր ձեռնարկել՝ էպոսագետի հայտարարության հետևանքները մեղմելու ուղղությամբ:

 

Մասնավորապես, հայկական համայնքի ներկայացուցիչները վիրահայերին կոչ են անելու ձայն չտալ էպոսագետին և կդիմեն հայաստանյան քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս, անպայման, իրենց դիրքորոշումն արտահայտեն Վարդան Սեդրակյանի հայտարարության կապակցությամբ:

 

Իրավիճակը, ըստ Առնոլդ Ստեփանյանի, խորացնում է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությունը. վերջինս ասել էր, որ Վրաստանը, թեև ներգրավված չէ երկու կողմերի միջև քննարկմանը, բայց պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։


Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Փանջիկիձեն Վիլնյուսում հայտարարել է, թե ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչից հետո վրացական որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ ենթադրություն էին արել, թե այդ հայտարարության պատճառով վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ հունվարի 17-ի Հայաստան կատարելիք այցը տապալման եզրին է:
 

Վրաստանի վարչապետն այդ կապակցությամբ հրաժարվել է մեկնաբանություն անելուց՝ ասելով, որ դա շուտով անձամբ Մայա Փանջիկիձեն կանի, ինչից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հերքել էր հիշյալ տեղեկությունն ասելով, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և որևէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը:



Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ ճիշտ չեն համարում հիմա՝ Վրաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցից առաջ ինչ-որ քայլեր ձեռնարկել:

 

«Սխալ կլիներ արհեստական կլիմա ստեղծել և աջակցել այն ուղղությունը, խաղն ու տոնայնությունը, որը ստեղծում են որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ: Մենք նկատում ենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ ջանքեր են գործադրվում՝ Վրաստանի վարչապետի հայաստանյան այցից առաջ բացասական կլիմա ստեղծելու, և դա արտահայտվում է ինչպես արհեստականորեն այնպիսի թեմաների չարչրկումից, որոնք կանգնած են Վրաստանի հայկական համայնքի առաջ, այնպես էլ վրացական տարբեր քաղաքական գործիչների տարաբնույթ հայտարարություններից: Այդ թվում նաև՝ հայաստանյան, օրինակ՝ Վարդան Սեդրակյանի այդ հայտարարությունը»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

 

Նրա խոսքով՝ նման տրամադրություններին տուրք տվող վրացական քաղաքական այդ շրջանակները ներառում են ինչպես «Վրացական երազանքի» ներսում գործող որոշ քաղաքական ուժերը ներկայացնող քաղաքական գործիչներին, այնպես էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարող ուժերը, որոնք առաջինը Վրաստանի խորհրդարանում բարձրացրեցին այդ հայտարարության հարցը և Մայա Փանջիկիձեին՝ խորհրդարան՝ բացատրություններ տալու հրավիրեցին: