ՀԱԿ–ն այսօր քաղխորհրդի նիստ կանի, օրակարգը կորոշվի տեղում. Արամ Մանուկյան

15:05 • 16.01.13

«Հայ ազգային կոնգրեսի» քաղաքական խորհուրդն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նիստ կանցկացնի, տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


Հարցին, թե ինչ է քննարկվելու նիստի ժամանակ, Մանուկյանը պատասխանեց, որ նիստի օրակարգը կձևավորվի տեղում, և քննարկվելիք հարցերը կորոշվեն հենց նիստի ժամանակ:


Արամ Մանուկյանը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցեր կքննարկվեն նիստի ժամանակ, և ինքն այդ մասին կիմանա նիստը սկսվելուց հետո:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկության փաթեթը` ՀԱԿ-ն առողջացնելու վերաբերյալ: Պետրոս Մակեյանն առաջարկում է, նախևառաջ, փոխել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որպեսզի «ամեն ինչ իր տեղն ընկնի»: