Գագիկ Ծառուկյանն, իրականում, աջակցում է Սերժ Սարգսյանին. Հմայակ Հովհաննիսյան
Միայն Գագիկ Ծառուկյանն էր կարող Սերժ Սարգսյանի հետ հավասար պայքարի մեջ մտնել։ Հիմա, երբ նա չի մասնակցում ընտրություններին, թվում է, թե բոյկոտում է, բայց, իրականում, աջակցում է Սերժ Սարգսյանին, քանի որ մրցակցություն չկա: Դա շատ լուրջ բացասական կողմեր ունի. ընտրությունների լեգիտիմությունը դրված է կասկածի տակ: Նման խոսքով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Առյուծ պահող այդ հսկան, որ միշտ զարմացնում է բոլորին, ոմանց ահ ու սարսափ է ներշնչում, այդ մարդը լավ տրամադրությամբ գնում է Բրյուսել, այնտեղ տեղի է ունենում նրա բենեֆիսը և հանկարծ, վերադառնալով Հայաստան, հրաժարվում է թեկնածությունից, և երկու ամիս է պապանձվել »,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով երկրում տիրում է վախի, տեռորի մթնոլորտ, և ժողովուրդը փախչում է դրանից:
«Նախորդ համապետական ընտրություններին, միասին ստացած 43% քվեի արաժանացած քաղաքական ուժերը դիմել են բոյկոտի և չեն մասնակցում: Բոյկոտը լինում է ակտիվ և պասիվ: Ընդդիմությունը հիմա դիմել է պասիվ բոյկոտի: Երկու տարբերակ կա` նրանց իսկապես ահաբեկել են կամ երկրորդը, որ նրանց հետ կան պայմանավորվածություններ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Բանախոսի կարծիքով, ստեղծված պայմաններում նախընտրական պայքարը գնալու է ռեսուրսների միջև, և ոչ թե գաղափարների, ինտելեկտի:
Ասուլիսին ներկա ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձելով Հմայակ Հովհաննիսյանին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում վախի մթնոլորտ ամենևին էլ չկա, և այս նախագահական ընտրությունները արդար են լինելու:
«Ամեն ինչ շատ ավելի պարզ և հասարակ է: Խորհրդարանական ընտրությունները ստուգատես էին, և ստուգվեց, թե որ ուժը ինչ իմիջ ունի: Գագիկ Ծառուկյանը շատ լավ մտածել գիտի, և նա պաշտոն զբաղեցնելու նպատակ չունի, քանի որ համոզված է, որ չի ընտրվելու: Նույն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ո՞վ է ասում, որ, օրինակ՝ Պարույր Հայրիկյանն ավելի վատ քաղաքական գործիչ է, քան մյուսները, որ պետք է թեկնածություն դնեին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը հմուտ քաղաքական գործիչներ են, և արժանի հակառակորդներ են Սերժ Սարգսյանին:










