Բրազիլացի լրագրողներին կողոպտել են կողոպուտի մասին ռեպորտաժ պատրաստելու ժամանակ
Բրազիլական Globo հեռուստաալիքի նկարահանման խումբը հայտնվել է այն մարդկանց դերում, որոնց մասին ռեպորտաժ էր պատրաստվում նկարահանել. հեռուստաընկերության աշխատակիցներին կողոպտել են կողոպուտների մասին նյութ պատրաստելու ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Լրագրողը, օպերատորն ու օգնականը ռեպորտաժ նկարահանելու համար այցելել են հացի արտադրամաս, որը վերջին 15 տարվա ընթացքում կողոպտել են 38 անգամ։ Նրանք ժամանել են հենց այն պահին, երբ իրականացվել է 39-րդ հարձակումը, իսկ հանցագործները պատանդ են վերցրել մի քանի այցելուների և աշխատակիցների։
Արդյունքում, լրագրողներին պահել են իրենց իսկ մեքենայի մեջ, այնուհետև հանցագործները վերցրել են նրանց թանկարժեք իրերն ու գումարը, որից հետո հեռացել են առևանգված մեքենայով։
Մի քանի ժամ անց ոստիկանությանը հաջողվել է պարզել հարձակվողների ինքնությունը և ձերբակալել նրանց։










