Եգիպտոսում բնակելի շենք է փլվել. կան զոհեր
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի խիտ բնակեցված Մաամուր թաղամասում 8 հարկանի բնակելի շենք է փլվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզման հետևանքով 4 մարդ զոհվել է, 8-ը ստացել են ծանր վնասվածքներ և տեղափոխվել քաղաքային հիվանդանոց։
Համաձայն ՆԳՆ ներկայացուցչի՝ շենքում բնակվել է 24 ընտանիք, և շինության փլատակների տակ, ամենայն հավանականությամբ, դեռևս մարդիկ կան։
Փրկարարական խմբերը չեն դադարեցնում աշխատանքները՝ հույս ունենալով գտնել ողջ մնացած մարդկանց։ Դեպքի վայրում հերթապահում է շտապօգնության 10 մեքենա։
Շենքը կառուցվել էր ընդամենը 5 տարի առաջ։ Ինչպես նշել է Ալեքսանդրիայի քաղաքապետ Մուհամեդ Աբաս Աթան, շենքի շինարարությունն իրականացվել է առանց անհրաժեշտ փաստաթղթերի, մասնավորապես՝ քաղաքային իշխանությունների կողմից շինարարական որևէ ընկերության Մաամուրում բնակելի շենք կառուցելու թույլտվություն չի տրամադրվել։










