Բնապահպաններն այսուհետ կհամախմբվեն Համահայկական բնապահպանական ճակատի շուրջ
Բնապահպան ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը, Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը և Վաչե Թովմասյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հանդես եկան Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ստեղծման հայտարարությամբ և տեղեկացրին, որ այսուհետ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պայքարել բնապահպանական խնդիրների դեմ, կարող են միանալ իրենց։
«Բնապահպանական ճակատը խոսում է հայ տեսակի համախմբման մասին, և այս շարժման մեջ շատ լավ կլինի, որ ամբողջ հայությունը ներառվի»,–ասաց Եղիա Ներսիսյանը՝ նշելով, որ ճակատի նպատակը կլինի համախմբված և ավելի կազմակերպված պայքարել և հասնել այդ խնդիրների լուծմանը։
Ակտիվիստի խոսքով՝ իրենք փորձում են մի քիչ ավելի պատասխանատու աշխատանքներ անել, և ով միանա այս ճակատին, ինչ–որ պատասխանատվություն կունենա։
«Այն մարդիկ, որոնց դեմ մենք պայքարում ենք, չեն շատանա, իսկ մեր ճակատը կմեծանա»,–ասաց նա՝ հավաստելով, որ այստեղ խոսքն ավելի կազմակերպված աշխատանքի մասին է։
Լևոն Գալստյանն էլ ասաց, որ իրենք առաջարկներ կներկայացնեն պետական մարմիններին և ձեռնարկություններին։ Առաջարկներից նա առանձնացրեց էկոկրթական ծրագրերի իրականացումը, անտառամերձ գյուղերի զարգացմանը նպաստելը և այլն։
«Մենք պատրաստ ենք աջակցել պետական մարմիններին, որոնք կարող են նպաստել մեր ճակատի ծրագրերի և նպատակների իրականացմանը»,–ասաց նա։
Վերջինիս կարծիքով՝ իրենք էլ հասկացան, որ մինչ այսօր բնապահպանական քաղաքականության առումով լուրջ փոփոխության չեն կարողացել հասնել, և հիմա փորձում են Համահայկական բնապահպանական ճակատի միջոցով ավելի շատ հարցեր բարձրաձայնել, որոնք այս դեպքում ավելի լայն ընդգրկում կունենան։
«Մենք ոչ մի գաղտնի գործողություն չենք անելու, մեր բոլոր որոշումները անմիջապես հայտնելու ենք հանրությանը»,–նշեց Լևոն Գալստյանը։
Ակտիվիստների տեղեկացմամբ՝ այս կերպ իրենք կփորձեն համագործակցել նաև միջազգային բնապահպանական կառույցների հետ։










