Դեդ Հասանին սպանողը բարձրակարգ քիլլեր է, ով կարող է նախապատրաստված լինել հատուկ ստորաբաժանումներում. մասնագետ
Քրեական հեղինակություն Դեդ Հասանին (Ասլան Ուսոյան) սպանած քիլլերը բարձրակարգ մասնագետ է եղել, ըստ երևույթին կամ նախկին հատուկ ջոկատային կամ պրոֆեսիոնալ մարզիկ, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Իրականացված սպանության բնույթը վկայում է այն մասին, որ Ասլան Ուսոյանին սպանողը, ըստ ամենայնի, լուրջ պատրաստություն է անցել հատուկ ստորաբաժանումներում և ծառայել է թեժ կետերում: Բացառված չէ նաև այլ տարբերակ` նա կարող է լինել նախկին մարզիկ բիատլոնիստ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ ներկա զինատեսակներից ճշգրիտ կրակոց կարելի է անել մեկ կիլոմետր հեռավորությունից, «իսկ լավ օպտիկական նշանոցի պարագայում` դրանից էլ մեծ հեռավորությունից»:
«Տվյալ գործողությունը մանրակրկիտ նախապատրաստվել է, որոշվել է տեսախցիկներից խուսափելով կրակելու վայրին մոտենալու հնարավորությունները, քանի որ դրանք մեռյալ գոտիներ ունեն, և քիչ է հավանական, որ հանցագործը պատահմամբ է հայտնվել դրանց գործողության տիրույթում»,- եզրահանգել է նա:
ՌԴ Քննիչական կոմիտեն հայտարարել էր, որ նախնական տվյալներով մարդասպանը կիրառել է «Վալ» տեսակի ինքնաձիգ: Նման զենք դրված է ՌԴ ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների սպառազինության տակ: Այդ ինքնաձիգը անձայն կրակ է իրականացնում:
Միևնույն ժամանակ ՌԴ դաշնային հակաահաբեկչական ծառայության աղբյուրը գործակալությանը հայտարարել է, որ քիլլերը կրակել է տարբեր տեսակի զենքերից, և ընդհանուր առմամբ լսվել են 7 կրակոցներ:










