Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի սուպերմարկետներում ձիու միս է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում «համբուրգերային» սկանդալ է սկսվում՝ խոշոր սուպերմարկետներում վաճառվող տավարի մսով բուրգերներում հայտնաբերվել է ձիու ԴՆԹ, իսկ տեսակներից մեկում ամբողջ մսի 29%-ը կազմում էր ձիու միսը: Ստեղծված իրավիճակում հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն փաստը, որ իռլանդացիները կտրականապես հրաժարվում են ձիու մսից: Այս մասին գրում է Newsru.com կայքը՝ հղում կատարելով BBC-ին:
Սննդամթերքի ապահովության գործակալությունը ստուգել է 27 տեսակի բուրգերներ: Նրանցից 10-ում հայտնաբերվել է ձիու ԴՆԹ, իսկ 23-ում՝ խոզի:
«Տավարի մսից պատրասված ապրանքներում խոզի ԴՆԹ-ի առկայությունը կարելի է բացատրել նրանով, որ նույն գործարանում վերամշակում են տարբեր կենդանիների մսեր: Սակայն անհասկանալի է, թե որտեղից է ձիու ԴՆԹ հայտնաբերվել այն գործարանում, որը երբեք ձիու միս չի վերամշակել»,- նշել է Իռլանդիայի սննդամթերքի ապահովության գործակալության ղեկավար Ալան Ռեյլին:
Իռլանդական գործարաններից մեկի՝ Silvercrest Foods-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք երբեք ձիու միս չեն գնել և սկսել են հետաքննել Եվրոպայից միս մատակարարողներին:










