Եթե Սերժ Սարգսյանից բացի ուրիշ որևէ մեկն ընտրվի, ուրեմն կատակ է անում. ԺԿ քաղխորհրդի նախագահ

12:58 • 16.01.13

«Ժողովրդական կուսակցությունը» ոչ մեկին չի սատարելու նախագահական ընտրություններին, որովհետև համոզված է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է հաղթելու և, եթե այլ մեկն ընտրվի, ապա կատակ է անում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը:

 

Նա նաև ասաց, որ Սերժ Սարգսյանին պետք է կոչել, ոչ թե նախագահի թեկնածու, այլ ապագա նախագահ:

 

«Ընտրողների մոտավորապես 50%-ը չի մասնակցելու ընտրություններին, նրանք ովքեր բացակայում են Հայաստանից, բայց պետռեգիստրում գրանցված են, 10%-ը ընտրություններին մասնակցելու են հաղթողի համար, 15%-ը` իշխանական ռեսուրսն է, իսկ 35%-ի ձայները կանցնեն մնացած թեկնածուներին, և կլինեն ինչպես միշտ` անարդար ընտրություններ»,- ասաց Արտակ Հարությունյանը:

 

«Ժողովրդական կուսակցության» քաղխորհրդի նախագահի կարծիքով, եթե նախագահական ընտրություններին, բացի Սերժ Սարգսյանից ուրիշ որևէ մեկն ընտրվի՝ ուրեմն կատակ է անում:

 

«Մնացած` թեկնածուներին Ձմեռ պապին է, երևի, ութ միլիոն դրամ նվիրել: Րաֆֆի Հովհաննիսյանը դրել է թեկնածությունը, որովհետև միշտ խոսք է տվել, որ սարեր է շարժելու, Պարույր Հայրիկյանը հին քաղաքական գործիչ է, մի երիտասարդ էլ չգիտես ինչու հացադուլ է անում, Վարդան Սեդրակյանն էլ ընկել է էպոսի գիրկը: Աբսուրդ է, չի կարելի…»,- ասաց Արտակ Հարությունյանը:

 

Բանախոսի կարծիքով, մեր հասարակությունը պատրաստ չէ ընտրություններին, քանի որ որոշ մասը չի հավատում արդարությանը, իսկ մի մասն էլ փող է վերցնում:

 

««Ժողովրդական կուսակցությունն» ընդամենը 12 հազար անդամ ունի, և մենք թողել ենք նրանց ընտրությանը: Այս բոլոր երևույթները տեսնելով Տիգրան Կարապետյանը ցանկանում է մի փոքր կանգ առնել քաղաքականության մեջ: Բայց նրան դեռ կտեսնեք»,- ասաց նա։

 

Ամփոփելով ասուլիսը, Արտակ Հարությունյանը ընտրողներին խորհուրդ տվեց տեր կանգնել իրենց ձայներին, չվաճառվել դրանք, իսկ այն կուսակցությունները, որ չեն դրել թեկնածություն, հասկացել են, որ որևիցե հնարավորություն չունեն Հայաստանում: