Հյուսիսային Կորեայում կանանց կրկին արգելել են հեծանիվ վարել
Հյուսիսային Կորեայում կանանց կրկին արգելել են հեծանիվներ վարել: Այդ օրենքը կար նաև նախկինում, սակայն 2012 թվականի ամռանն այն չեղյալ էին հայտարարել: Ըստ հյուսիսկորեական Համգեն-Պուկտո նահանգում գտնվող աղբյուրների՝ ներկայում իշխանություններն ավելի խիստ են պատժում հեծանվորդուհիներին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Daily NK-ին:
Առաջին անգամ նման որոշում Հյուսիսային Կորեայում կայացրել էին 1996 թվականին՝ մեկնաբանելով, որ դա «կանացի» զբաղմունք չէ և չի համապատասխանում սոցիալիստ կնոջ կերպարին: Օրենքի չեղյալ հայտարարվելը արտասահմանյան ԶԼՄ-ները կապում էին Հյուսիսային Կորեայի ժողովրդավարացմամբ, որը նախանշվում էր Կիմ Չեն Ինի՝ 2011թ-ին իշխանություն գալուց հետո:
Daily NK-ի աղբյուրները տեղեկացնում են, որ սահմանափակումը կրկին սկսել է գործել 2013թ հունվարի 10-ից: Դրա հետ մեկտեղ, եթե նախկինում իրավախախտը վճարում էր 38 դոլարին համարժեք տուգանք, ապա ներկայում իշխանություններն առգրավում են տրանսպորտային միջոցը:
Տնտեսական բարդությունների պատճառով հեծանիվները մեծ տարածվածություն ունեն բնակչության շրջանում, այդ թվում՝ նաև կանանց մոտ: Մասնավորապես կորեուհիները հեծանիվներով տեղափոխում են իրենց երեխաներին, սննդամթերք և շուկայի համար նախատեսված ապրանքներ:










