Նախագահի թեկնածուն Վրաստանի վարչապետին հորդորում է այս պահին զերծ մնալ Հայաստան այցից
Վրաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կայանալիք այցերը Հայաստան նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն անցանկալի է համարում, իսկ կոնկրետ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հորդորում է նախընտրական այս փուլում զերծ մնալ Հայաստան այցից։
«Նախընտրական շրջանում այլ երկրների պատվիրակությունների այցը Հայաստան դիտարկում եմ որպես աջակցություն իշխանական թեկնածուին»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
«Ես ցանկանում եմ հիշեցնել Վրաստանի վարչապետին, որ զերծ մնա այցելությունից։ Այն, որ հայ-վրացական հարաբերությունները ծայրահեղ վատ վիճակում են, դա փաստ է, բայց այս պահին այդ առումով որևէ խնդիր հրատապ լուծման կարիք չունի»,- ասաց նա և առաջարկեց նրանց Հայաստան գալ նախագահական ընտրություններից հետո։
Վարդան Սեդրակյանն ասաց, որ նախագահ դառնալուց հետո օրենք է ընդունելու, համաձայն որի ընտրություններից առաջ արգելվեն պաշտոնական այցերը Հայաստան։
Անդրադառնալով ընտրություններին՝ թեկնածուն ասաց, որ վստահ է՝ արդար ընտրություններ կլինեն, որովհետև արտաքին աշխարհում կան ուժեր, որոնց համար իշխանության գալու՝ ՀՀ իշխանությունների նույն սցենարն այլևս ընդունելի չի լինի։
«Մենք ապրում ենք մի պետությունում, որը միակուսակցականության առումով ԽՍՀՄ-ից էլ վատ է։ Եվ իշխանությունների պարտվելու միակ ճանապարհը արդար ընտրությունները կլինեն»,- ասաց նա։










