«Ամուր ընկույզ» և «Գիշատիչ» ֆիլմերի ռեժիսորը ԱՄՆ-ում բանտ կնստի ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու համար
ԱՄՆ գերագույն դատարանը ուժի մեջ է թողել հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջոն Մաքտիրնանի ազատազրկման որոշումը Հետախուզության դաշնային բյուրոյին (ՀԴԲ) կեղծ ցուցմունքներ տալու համար, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ռեժիսորը, ով նկարահանել է «Ամուր ընկույզ» ֆիլմի առաջին և երրորդ մասերը, ինչպես նաև «Գիշատիչ» (Хищник) և մի շարք այլ ֆիլմեր, քննություն է անցնում 2006թ. ընթացքում հոլիվուդյան աստղերի հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսումների գործով:
Այն ժամանակ Մաքտիրնանը ՀԴԲ-ում հայտարարել էր, որ այդ գործի հետ առնչություն չունի և դրա վերաբերյալ տեղեկություններ չունի:
Քննությունը հետագայում պարզել էր, որ հենց Մաքտիրնանն է վարձել մասնավոր դետեկտիվի՝ հեռախոսները գաղտնալսելու համար:
Հետագայում ռեժիսորն իրեն մեղավոր էր ճանաչել միտումնավոր կեղծ ցուցմունքներ և սուտ վկայություն տալու մեջ:
Դատարանը նրան 2010թ. հոկտեմբերին դատապարտել էր մեկ տարի ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել էր:
Սակայն, չորեքշաբթի ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է բողոքարկումը, որի քննման ընթացքում ռեժիսորը գրավի դիմաց ազատության մեջ էր, և 2010 թ. որոշումը ուժի մեջ թողնելով, պահանջել էր նրան ազատազրկել:










