«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փորձել է ինքնասպան լինել

12:32 • 16.01.13

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս.Մխիթարյանը հունվարի 14-ի առավոտյան ժամը 3-ին փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

 

«Ոչինչ չի հայտարարել, ուղղակի բողոքում է քրեական գործից, (նախաքննությունից-Tert.am), իր դատավճռից»,- ասաց Գոռ Ղլեչյանը՝ կրկնելով, որ իրենց համակարգը նոր նախաքննություն իրականացնելու վերաբերյալ որևէ միջնորդություն ներկայացնելու իրավասություն չունի:

 

Ս. Մխիթարյանը մեղադրվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել Ղարաբաղում կատարված գողության համար, և սկզբնական շրջանում կալանքը կրել է Շուշիի բանտում: Այնուհետև նա տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ, ապա՝ «Նուբարաշեն»:

 

Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դատապարտյալին են այցելել ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցներն ու զրուցել նրա հետ: