Աչքերը կարած դատապարտյալն ասում է՝ իրեն դաժանորեն ծեծել են, կինը սարսափել է նրան տեսնելիս

15:37 • 16.01.13

Tert.am –ի խմբագրությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ (ներկայումս «Հրազդանի» ՔԿՀ–ի) Արտակ Հակոբյանի անունից նամակ է ստացել, որում նա պատմում է, որ «Նուբարաշենում» ՔԿՀ–ի անձնակազմի կողմից սարսափելի ծեծի է ենթարկվել։


Հունվարի 14-ին նրան այցելած կինը՝ Կարինե Հակոբյանը, ով հղի է, և՛ հեռախոսով, և՛ ուղարկած նամակում ասաց, որ ամուսնուն տեսնելով՝ ցնցվել է, քանի որ «Արտակ չկար՝ ծեծված, ջարդված, գլուխն ուռած»:


Նամակում նշվում է, որ 2012-ի դեկտեմբերի 26–ին Արտակ Հակոբյանը ի նշան բողոքի կարել է աչքերը՝ իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու պահանջով: «Որովհետև ես ունեմ առողջական լուրջ խնդիրներ,բայց միշտ «Նուբարաշենի» ՔԿՀ-ում դա հերքում են , թե դու առողջ ես»,– նամակում նշում է նա:


«Դեկտեմբերի 26-ին ես իմ բջջային հեռախոսով նկարել եմ կարած աչքերս և գցել ինտերնետ: Հաջորդ օրը ինձ կանչել է «Նուբարաշենի» ՔԿՀ-ի պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը, ասելով՝ «Արտա՛կ, քանդի՛ աչքերդ, քեզ մի քանի ժամից տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»: Այնուհետև ես գնացել եմ 4-րդ խուց, 15 րոպեից ներս են մտել R. բաժնի պետ Դավթյան Արմենը, օպեր Եգոր Հակոբյանը, 3-րդ հարկի ռեժիմնիկ Սամվել Թունյանն ու ծեծի են ենթարկել ինձ, բռնացել-տարել են պատժախուց 15 օր ժամկետով, վերցնելով 2 հեռախոսներս, կալցոս, ցեպս ու խաչս:


Դեկտեմբերի 27-ի գիշերը պետի տեղակալ Ս. Բուլղադարյանն ինձ այցելեց ու ես նրան ասացի՝« Է՞ս էր «Դատապարտյալների հիվանդանոցը»,նա ինձ ծեծի ենթարկեց ու ասաց, որ առավոտյան քեզ տեղափոխում են «Հրազդան» ՔԿՀ»,- գրված է դատապարտյալի անունից ստացված նամակում, որի իսկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա կինը:


Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Tert.am-ն անդրադարձել էր դատապարտյալ Արտակ Հակոբյանի խնդրին, ով մանրամասնել էր ՔԿՀ-ում տիրող կոռուպցիոն երևույթների մասին: Այն ժամանակ ևս Արտակ Հակոբյանը պնդում էր, որ ունի սրտի խնդիր, մինչդեռ ՔԿՀ–ի անձնակազմն իրեն «դիմեդրոլ», «անալգին», «նոշպա» է սրսկում, ասելով՝«նևրոզ ա, կանցնի, կանցնի»:



Կալանավորը պատմել էր, որ «Նուբարաշեն« ՔԿՀ-ի բուժմասի տեղակալ Գալուստ Կարապետյանն իրեն առաջարկել է իր տեղակալի միջոցով և 24 500 դրամի դիմաց արյան ընդհանուր անալիզ հանձնել Արաբկիր համայնքում գտնվող մասնավոր կլինիկայում՝ այն դեպքում, երբ դատապարտյալների հետազոտությունները պետպատվերի շրջանակներում է կատարվում։


Հիշեցնենք նաև, որ Արտակ Հակոբյանն այն կալանավորն է, ում շնորհիվ ձերբակալվեց և իր պատիժն է կրում «Գորիս» ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը։ Վերջինս Արտակի հարազատներից պահանջել էր 4000 դոլար կաշառք՝ Արտակին «Գորիս» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար:

 

Մամուլով հաղորդվեց, որ Արտակին Գորիսից «Նուբարաշեն» տեղափոխելուց հետո բուժմասի ֆելդշերը փորձել էր դանակահարել նրան, ինչը հերքվել էր Քրեկատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի կողմից։


Սակայն Արտակ Հոկաբյանն ասել էր, որ բուժակի վրա գործ չի հարուցել միայն այն պատճառով, որ վարչության աշխատողների, համակարգի վրա «մեծ բազար ա», ու խոստանալով իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» ուղարկել, խնդրել էին հերքել բուժակի՝ դանակահարության փաստը:


Կալանավորը նաև պնդում էր, որ իր անձնական միջոցներով վերանորոգել էր 4-րդ խուցը՝ «ունիտազից բռնած»:


Ներկայումս գնահատելով իր՝ «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելու հանգամանքը, Արտակն ասում է. «Ես հասկացա, որ իմ վերանորոգած 4-րդ խուցը ( ունեմ փաստեր, որ ես եմ վերանորոգել ու ամբողջ գույքը գնել), նրանք արդեն վաճառել են, դրա համար էլ «Նուբարաշենի» պետ Գենադի Սարգսյանը շատ հեշտությամբ ստորագրեց ինձ 15 or պատժախուց տանելն ու «Հրազդան» ՔԿՀ տեղափոխելը ,որովհետև վարչության հատուկ մասի պետ Սամվել Մանուկյանը «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանի ընկերն է, նա միշտ ասել է՝«դու քոնն արեցիր, ես էլ իմը կանեմ , որտեղ կուզես բողոքի, անգամ Սերժ Սարգսյանին: Մեկ ա՝ չեն հավատա»:


Ներկայումս Արտակ Հակոբյանը գտնվում է «Հրազդան» ՔԿՀ–ի պատժախցում: 2013 թվականի hունվարի 11-ին լրացել է նրա 15–օրյա պատիժը, բայց կալանավորը դուրս չի գալիս, պնդելով, որ պատիժը պետք է կրեր ոչ թե «Հրազդանում», այլ «Դատապարտյալների հիվանդանոցում»:


«Ես միայն առողջություն եմ ուզում, ոչ թե «Նուբարաշենի» բժիշկ Նանայանի կողմից տրված 5 հատ «Դիազեպանը», որը միանգամիս ինձ սրսկեց բուժակ Կարեն Հարությունյանը, որից էլ ես վատացա ու այսպես տառապում եմ հիմա»,- ասում է Արտակը:


Ըստ նրա՝ «Հրազդանում» ևս ունի «թշնամություն օպեր մասի պետ Վ. Մաթևոսյանի հետ», որը կաշառքի գործով Նարեկ Հարությունյանի բարեկամն է:


2013–ի հունվար 14-ին ամուսնուն այցելած Կարինե Հակոբյանը ցնցված է և անգամ՝ ֆիզիկապես վատացել է ամուսնուն տեսնելուց հետո:


«Երբ որ տեսա ամուսնուս , վատացա, որովհետև Արտակ չկար՝ ծեծված, ջարդված: Հարցրեցի՝ «Արտակ, ինչն էր պատճառը, որ «Նուբարաշենում» թագավորի պես ապրում էիր, իսկ հիմա դարձել ես բոմժ, ո՞վ է քեզ էս օրը գցել ու ծեծել, պատասխանեց, որ R բաժնի պետ Դավթյան Արմենը, օպեր Եգոր Հակոբյանը, 3-րդ հարկի ռեժիմնիկ Թունյան Սամվելը և պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը՝ վարչության հատուկ բաժնի պետ Սամվել Մանուկյանի կարգադրանքով, որը «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանի ընկերն է»,– ասաց Կարինեն:


Նրա խոսքով՝ Արտակը կտրած է եղել երակները և հազիվ է քայլել՝ աշխատակցի օգնությամբ: «Անկեղծ ասած՝ տանջվեցի, որ ինչ էր, ու ինչ դարձավ»,– նշեց նա:


Կարինե Հակոբյանը պատրաստվում է հանդես գալ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով՝ ակնկալելով, որ նրա միջամտությունից հետո վերջ կդրվի ամուսնու հանդեպ հետապնդումներին:


Tert.am–ի հետ զրույցում ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, ի պատասխան հարցի, թե ինչու է դատապարտյալը «Նուբարաշենից» տեղափոխվել «Հրազդան», նշեց, որ այդպես նպատակահարմար է գտել Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովը:


Ինչ վերաբերում է ծեծի մեղադրանքներին, ապա Գոռ Ղլեչյանն ասաց, որ հայտնվածի 80 տոկոսն իրականությանը չի համապատասխանում և խոստացավ առավել հանգամանալից պատասխանել նամակում շարադրվածին անձամբ ծանոթանալուց հետո: