Երևանում փրկարարները մեքենայից անվնաս դուրս են բերել ձորակը կախված մեքենայի վարորդին
Այսօր ժամը 18.01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան-Փափազյան փողոցների խաչմերուկում` «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում, մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը վարորդին մեքենայից դուրս բերելու համար:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սարալանջի փողոցում` «Հիսունամյակ» հուշարձանի մոտակայքում, «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի Լ3616 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Հ. Ոսկանյան) դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել ձորակը:
Փրկարարները մեքենայից անվնաս դուրս են բերել վարորդին: Հրշեջ-փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: Տուժածներ չկան:










