Երբ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաշտաբը դառնա շտաբ, բոլորը կիմանան՝ այդտեղ ով ով է լինելու
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական թիմն այս պահին ձեռնպահ է մնում մեկնաբանելուց, թե ով կղեկավարի նրա նախընտրական շտաբը:
Այս մասին Tert.am–ին հայտնեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և հավելեց.«Երբ նախաշտաբը վերածվի շտաբի և ամբողջությամբ ձևավորվի, կներկայացնենք անուններ՝ ղեկավարից մինչև շարքային աշխատակիցներ»:
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը զանգահարել է ԱՄՆ, իր որդու` Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լևոն Բաղրամյանին` խնդրելով գալ Հայաստան և ղեկավարել իր նախընտրական շտաբը: Վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է և մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է:
Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, չթաքցրեց, որ Լևոն Բաղրամյանի հետ համագործակցության նախագծեր կան, բայց թե դրանք ինչ մարմնավորում կստանան, կրկին վերապահվեց ապագային:










