Հիմնական պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև. Ստյոպա Սաֆարյան

16:13 • 16.01.13

Առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհամեմատ առավելություններ ունի մյուս թեկնածուների նկատմամբ:


«Հրանտ Բագրատյանի անունը չտվեցի մի պատճառով, որ նա նույնպես ընդդիմադիր հատվածը ներկայացնող թեկնածու է և չեմ կարող ընդդիմադիր թեկնածուին մրցակից դարձնել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի: Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ Հրանտ Բագրատյանի հետ է, ոչ էլ նրա տեղի համար: Բագրատյանի առաջադրումը տեղի է ունենում իր համար ոչ լավագույն ու ցանկալի պայմաններում, խոսքը վերաբերում է ՀԱԿ-ում տեղի ունեցողին»,- ասաց նա:


Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը շատ լավ հասկանում է, որ ընտրություններից առավելագույն օգուտը, որ նա կարող է քաղել, որոշակի ընտրազանգված շահելն է՝ ՀԱԿ-ի հնարավոր կազմաքանդմանը զուգընթաց:


«Ճաքերը, որ առկա են ՀԱԿ-ում ոչ թե վերանում են, այլ հակառակը՝ սրվում: Բագրատյանը լավագույն դեպքում կարող է հավակնել ազատական գաղափարներ դավանող որոշակի հատվածի ձայներ»,- ասաց նա:


Անդրադառնալով նախագահի մյուս թեկնածուներին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ակնհայտ է, թե ինչու համար է առաջադրվել էպոսագետ Վարդան Սեդրակյանը:


«Նրա նպատակը, այսպես ասված, արևմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանի համբավը արատավորելն է: Մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանը, ով առաջին անգամը չէ, որ առաջադրվել է, հասկանալի է, թե ում է ծառայում: Նա առաջադրվել էր նաև 2003-ին և քննադատում էր ընդդիմությանը: Կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մնացել է արամհարությունյանների հույսին»,- ասաց նա և ընդգծեց, որ լուրջ չի կարող լինել այն, երբ թեկնածուն հինգ տարին մեկ է զբաղվում քաղաքականությամբ:


Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ինքը լավ է ճանաչում նախագահի թեկնածու Արման Մելիքյանին, և չի կարող նրա առաջադրման վերաբերյալ այս պահին մեկնաբանություն տալ: «Հունվարի 21-ից հետո, երբ պաշտոնապես սկսվի նախընտրական քարոզարշավը, ակնհայտ կերևա, ով ինչի համար է առաջադրվել»,- ասաց նա: