ԱՄՆ-ում այժմ հասանելի կլինեն նաև հասարակական ավտոմեքենաներ

21:16 • 16.01.13

Արևմտյան մի շարք երկրներում լայն տարածում են ստացել հասարակական հեծանիվները` գնում ես աբոնեմենտը, վերցնում հեծանիվը, երթևեկում և վերադարձնում հատուկ կայանատեղ:


Սակայն ԱՄՆ-ում որոշել են ավելի հեռու գնալ և ստեղծել «ընդհանուր» մարդատար մեքենաների ցանց, հաղորդում է BBC-ն:
Նմանատիպ՝ DriveNow անվանումը ստացած գաղափարը արժանացել է BMW ընկերության հավանությանը:


Հասարակական ավտոմեքենաների մասին գաղափարին Սան-Ֆրանցիսկո քաղաքի իշխանությունները հանգել են հորդառատ անձրևների պատճառով, որոնք ձմռանը հատկապես հաճախ են լինում ԱՄՆ մշակութային այդ կենտրոնում:


BMW-ն տեղի իշխանությունների հետ հասարակական օգտագործման համար 70 ավտոմեքենա տրամադրելու պայմանագիր է կնքել:


DriveNow ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է անդամագրման վճար հատկացնել 39 ԱՄՆ դոլարի չափով:
Նոր տեսակի մեքենաների համար քաղաքում 14 հատուկ կայանատեղ է սարքավորվել: Ապագայում դրանց թիվը նախատեսվում է հասցնել 100-ի:


Նման հասարակական ավտոմեքենայով կեսժամյա երթևեկությունը կարժենա 12 ԱՄՆ դոլար` որը ավելի քան 4 անգամ էժան է տաքսիի ծառայություներից:

 

Բացի այդ, DriveNow-ի ավտոմեքենաները աշխատում են էլեկտրականությամբ, այսինքն չեն վնասում շրջակա միջավայրին:


Ենթադրվում է, որ հասարակական ավտոմեքենաներով հնարավոր կլինի նվազեցնել քաղաքի բնակիչների՝ սեփական մեքենաներից օգտվելու ցանկությունը: Նման կերպ զգալիորեն կբարելավվի քաղաքի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև հնարավոր կլինի բեռնաթափել տեղի մայրուղիները: