Ճապոնիայից և ԱՄՆ-ից հետո Dreamliner-ի շահագործումը դադարեցնում են նաև Հնդկաստանն ու Չիլին.Եվրոպան դեռևս հետևում է
Հնդկաստանն ու Չիլին, հետևելով Ճապոնիայի և ԱՄՆ-ի օրինակին, ժամանակավորապես դադարեցնում են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այդ ինքնաթիռներից մեկի մարտկոցի հետ կապված խնդիրներ են եղել, ինչի պատճառով օդանավի անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։
Ինչպես նշում է Газета-ն՝ հղում կատարելով Reuters-ին, անցած մեկուկես շաբաթվա ընթացքում սա արդեն անսարքության 7-րդ դեպքն է եղել Boeing 787 Dreamliner ինքնաթիռների հետ կապված։
Հնդկաստանի իշխանությունները Ճապոնիայի տրանսպորտի փոխնախարարից հետո ևս հայտարարել են, որ չեն կարող հստակ նշել, թե երբ երկիրը կվերականգնի Dreamliner-ի շահագործումը։
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ իրենք հետևում են այս գործի զարգացումներին, և որ Եվրոպայում Dreamliner ինքնաթիռները շահագործող միակ ընկերությունը լեհական LOT-ն է, որն ունի նման 3 ինքնաթիռ։
Dreamliner-ի շահագործումը դադարեցրել են նաև Չիլին և ԱՄՆ-ն։ Այսպիսով, ներկայում ամբողջ աշխարհում օգտագործվող 49 Dreamliner ինքնաթիռներից 32-ի աշխատանքը դադարեցվել է։










