Վրաստանի վարչապետի հավաստմամբ՝ Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղին բացելու համար քննարկումներ են ընթանում
Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղին հնարավոր է բացվի։ Եվ, առհասարակ, ավելի շատ բան է հնարավոր, քանի որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում խնդիրներ չկան: Նման հայտարարությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հանդես եկավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Վրաստանի վարչապետը, թեև շեշտեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան, սակայն երկաթգծի բացմանն առնչվող մյուս կողմի` Ռուսաստանի հետ հարաբերություններում, խնդիրները դեռևս առկա են:
«Ռուսաստանի հետ խնդիրները շատ մեծ եղել և շատ մեծ էլ մնացել են, բայց մենք հուսով ենք և աշխատում ենք, որ որքան հնարավոր է շուտ վերականգնվեն և կանոնավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Բայց շատ վիճելի տարածքային ամբողջականության հարցեր թույլ չեն տա դրանք շուտ լուծել»,- ասաց Բիձինա Իվանիշվիլին, ավելացնելով, որ երկաթգծի բացումը հենց այդ համատեքստում պետք է դիտարկել:
Անդրադառնալով այդ հարցին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է, և իրենք ամրագրել են, որ պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երկաթգիծն աշխատի և աշխատի արդյունավետ:
«Մենք հետաքրքրված ենք նրանում, որ այս հարցը լուծվի որքան հնարավոր է շուտ, և մենք պետք է զբաղեցնենք պրակտիկ դիրք այս հարցի կարգավորման շուրջ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:










