Սերժանտը քաղաքացուց գումար է վերցրել և խոստացել, որ որդին կզորակոչվի նրա կամեցած զորամաս

15:34 • 17.01.13

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության կասկածանքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել ՊՆ զորամասերից պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մ.Բ.-ն։

 

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ 2011 թվականից զինված ուժերում ծառայության անցած Մ.Բ.-ն երկկողմ հանցավոր համաձայնության արդյունքում 2012 թվականի նոյեմբերին խոշոր չափի գումար է ստացել քաղաքացի Հ.Մ.-ից, ինչի դիմաց խոստացել է, որ նրա որդին 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվի ծնողի կամեցած զորամաս:

 

Սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպքը կասեցվել է: Հարուցվել է քրեական գործ:

 

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղիչ առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղափոխել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում»,– ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում: