Մեր զրույցն անցել է այնպես, կարծես մենք մանկուց ճանաչել ենք իրար. Իվանիշվիլին՝ Տ. Սարգսյանի հետ հանդիպման մասին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր առաջին պաշտոնական այցով Հայաստանում է:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացավ մամուլի ասուլիս, որտեղ Բիձինա Իվանիշվիլին, հայերեն ողջունելով հավաքված լրագրողներին, ասաց որ շատ ջերմ է անցնում իր առաջին պաշտոնական այցը բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության և հանդիպման համար։ Մեր զրույցն անցել է այնպես, կարծես մենք մանկուց ճանաչել ենք իրար»,- ասաց Վրաստանի վարչապետը:
Բիձինա Իվանիշվիլին, կատակով խոստովանել է, որ թեև անփորձ քաղաքական գործիչ է, բայց հանդիպման ընթացքում քննարկել են հետաքրքող բոլոր հարցերը, զրուցել և որոշումներ ընդունել:
«Մնացել են մի քանի հարցեր, բայց մենք կկարողանանք կոմպրոմիսներ գտնել: Օդանավակայանից գալու ճանապարհին խոսելու ժամանակ վարչապետն ասել է, որ մենք ընդհանուր շուկա պետք է ստեղծենք, որն ինձ համար շատ հաճելի է: Մենք փոքր երկրներ ենք, և դա շատ հարկավոր կլինի մեր երկու երկրների համար»,- ասաց Բիձինա Իվանիշվիլին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար իր գործընկերոջը, շեշտեց, որ իրենք արձանագրեցին, որ չկա հայ-վրացական հարաբերություններում որևէ հարց, որն ի վիճակի չլինեն համատեղ լուծել, և մեծ պոտենցիալ կա երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու ու ընդլայնելու համար:
«Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին ջերմ արձագանք տվեց, մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր՝ մեր հաջորդ միջկառավարական հանձնաժողովներում հանդիպումների համար և քննարկելու ենք բոլոր ոլորտների վերաբերյալ շատ հետաքրքիր հարցեր։ Այսօր արդեն երկու համաձայնագիր ենք ստորագրել` մշակութային և մաքսակետերում աշխատանքները համահունչ դարձնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Բիձինա Իվանիշվիլին ասաց, որ թեև իրենք նոր Կառավարություն են, սակայն հույս ունեն, որ կբարելավեն հարաբերությունները հարևան երկրների հետ և ուզում են, որ այդ հարաբերությունները զարգանան նաև տնտեսական ուղղությամբ:










