Փաստաթղթում արձանագրված կլինեն հետագա պայքարի մասին որոշակի պատկերացումներ. Փաշինյանն՝ իր նոր նախագծի մասին
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրերս հրապարակած «Ground zero» և «Քաղաքական տարին մեկնարկելիս» վերնագրված հոդվածներից հետո, որոնցում առաջ քաշեց ընդդիմադիր պայքարը զրոյից սկսելու թեզը, այսօր տարածեց հայտարարություն ներկայացվելիք քաղաքացիական փաստաթղթի նախագծի մասին:
Tert.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է ենթադրում այս փաստաթուղթը, ի՞նչ ձևաչափ, սակայն, շատ փակագծեր այս պահին Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց բացել՝ նախագծի աշխատանքային պրոցեսին չխոչընդոտելու համար: ՀԱԿ պատգամավորը նաև ձեռնպահ մնաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ տված հարցազրույցի և Կոնգրեսի ներսում ստեղծված վիճակի վերաբերյալ մեկնաբանություններից:
-Այսօր Դուք հայտարարել եք քաղաքացիական փաստաթղթի նախագիծ ներկայացնելու մտադրության մասին՝ ակնկալելով շահագրգիռ քննարկում։ Ի՞նչ է այն լինելու:
-Չեմ ցանկանա մինչև փաստաթղթի հրապարակումը քննարկել դրա բովանդակությունը, բայց ինչպես իմ հայտարարության մեջ նշել եմ՝ «ներկայումս առաջնային է դառնում հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը»: Եվ քանի որ ես կարծում եմ, որ պարտավորություն ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ապա ասեմ, որ էս փաստաթղթում ընդամենը արձանագրված կլինեն հետագա պայքարի մասին որոշակի պատկերացումներ:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Ձեզ անհրաժեշտ հանրային քննարկում։ Հասկանալու համար, թե ովքե՞ր են Ձեր կողքին։ ՀԱԿ-ը Ձեր կողքի՞ն է, թե՝ ոչ:
-Հանրային քննարկում անհրաժեշտ է, որովհետև քաղաքացիական ցանկացած պայքար ենթադրում է հասարակական աջակցություն:
-Իսկ ի՞նչ ձևաչափ է լինելու, ինչպե՞ս են Ձեզ միանալու:
-Բոլոր հարցերի պատասխանները փաստաթղթում կլինեն:
-Այսինքն՝ այն կհրապարակեք, կսպասեք, որ միանա՞ն։ Իսկ «Հայ ազգային կոնգրեսին» այն ներկայացրե՞լ եք:
-Անկեղծ ասած, այս պահին դրա հետ կապված որևէ հավելյալ մեկնաբանություն չեմ ուզում անել, քան այն, ինչ ասված է իմ հայտարարության մեջ: Որովհետև դրա հետ կապված բոլոր քննարկումները տեղի կունենան փաստաթղթի նախագծի հրապարակումից հետո:
-Իսկ դա ե՞րբ կլինի:
-Առաջիկայում, կոնկրետ օր չեմ կարող նշել:
-Նախագահական ընտրությունների ժամանակ դա արդեն «ուժի մեջ մտած» կլինի՞:
-Ես չեմ կարող կանխատեսել՝ «ուժի մեջ մտած» կլինի՞, թե՝ ոչ, բայց առաջիկայում կլինի փաստաթուղթը, և այն շատ չի ուշանա:
-Իսկ այդ փաստաթղթով կարելի՞ է ասել, որ նաև պայքարի ձևաչափային փոփոխություն եք փորձում կատարել:
-Գնահատականներ չէի ցանկանա տալ: Խնդիրը հետևյալն է, քանի որ այս պահին աշխատանքը դեռևս չի ավարտվել փաստաթղթի վրա, ես չէի ուզենա անել մեկնաբանություններ, որոնք աշխատանքային պրոցեսի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ: Հարցեր կան, որոնք դեռ վերջնական ձևակերպում չունեն, և աշխատանքային պրոցեսը չխոչընդոտելու շատ կոնկրետ խնդիր ունեմ:
-Դուք մնում եք ՀԱԿ անդամ, ինչպես նաև Սասուն Միքայելյանը, ով երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում քննադատել էր ՀԱԿ-ին և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ վերջին մեկ տարում սխալ քաղաքականություն իրականացնելու համար: Այսինքն՝ չե՞ք կարծում, որ նախագիծը ՀԱԿ-ի հետ համաձայնեցնելու խնդիր ունեք:
-Ես որևէ այլ մեկնաբանություն չեմ ցանկանում այս պահին անել: Հասկանալով հանդերձ հետաքրքրությունը:
-Իսկ կա՞ն քաղաքական ուժեր, դեմքեր, անհատներ, որոնք Ձեր նախագծին չեն կարող միանալ:
-Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն ինձից լավ գիտեք, այս պահին որևէ այլ բան չեմ կարող ասել, որովհետև դրան պատասխանելիս ես պետք է մտնեմ նրբությունների մեջ, իսկ դա նշանակում է հրապարակել փաստաթուղթը: Դա բավականին ծավալուն փաստաթուղթ է, կհրապարակվի, էն ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտամ:
-Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում արձանագրեց, որ ՀԱԿ-ը, փաստորեն, իրավահաջորդ չունեցավ, քանի որ իրավահաջորդ դառնում են, նրան չեն դարձնում: Այդ կարծիքի՞ն եք, որ Կոնգրեսում իրավահաջորդ չկա:
-Առաջին նախագահի հարցազրույցի հետ կապված չեմ ցանկանում մեկնաբանություն անել:










