ԱՄՆ-ն հիմքեր չունի ենթադրելու, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել. պետդեպ

09:36 • 17.01.13

ԱՄՆ-ն հիմքեր չունի ենթադրելու, որ Սիրիայի կառավարությունն անցյալ տարվա դեկտեմբերին Հոմս քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է կիրառել. այդ մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ավելի վաղ Foreign policy պարբերականը գաղտնազերծել էր պետքարտուղարությանն ուղղված գաղտնի հեռագիրը, որը Վաշինգտոն էր ուղարկել Ստամբուլի ԱՄՆ հյուպատոսությունը։ Դրանում նշվում էր դեկտեմբերի 23-ին Հոմսում քիմիական զենքի կիրառման մասին։


«Մենք ուսումնասիրել ենք ստացված փաստաթուղթը և հավաստի ապացույց չենք գտել, որը կհաստատեր քիմիական զենքի կիրառումը»,-ասել է Նուլանդը։


Նա նշել է, որ Foreign Policy-ն ոչ ճիշտ է փոխանցել իրենց ստացած տեղեկությունը։
 

Նա նաև ասել է, որ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների պարտականությունն է փոխանցել տարբեր հաղորդագրություններ՝ անկախ դրանց բնույթից, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանք դիտարկվում են որպես վստահելի տեղեկություններ։


Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել նյութերին և Սիրիայի այն օբյեկտներին, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։


«Եթե Ասադի ռեժիմը ողբերգական սխալ թույլ տա և քիմիական զենք կիրառի կամ չկատարի դրանք պահպանելու իր պարտականությունները, դա կբերի հետևանքների, որոնց համար պատասխանատվությունը կմնա սիրիական կառավարության վրա»,-ասել է Նուլանդը։