Տաջիկստանում արգելափակվել է Facebook-ն ու մի քանի այլ կայքեր. ընդդիմությունը դա պայմանավորում է առաջիկա ընտրություններով

18:00 • 17.01.13

Տաջիկստանի տարածքում արգելափակվել է Facebook սոցիալական ցանցը, ինչպես նաև մի շարք տեղական և արտասահմանյան ինտերնետ ռեսուրսներ` ընդհանուր առմամբ 30 կայք, տեղեկացնում է Известия-ն։


Փորձագետները նշում են, որ արգելափակման հետևում կանգնած է կառավարության կապի ծառայությունը, իսկ պաշտոնական աղբյուրները հերքում են իրենց առնչությունն արգելափակմանը։

 

Մասնավոր Telecomm Technology պրովայդերի ղեկավարը նշել է, որ կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովն է պահանջել փակել որոշ կայքեր։


Ինքը՝ Զուխուրովը, հերքել է այդ տեղեկատվությունը։ «Կայքերն արգելափակելու մասին ոչ բանավոր, ոչ էլ գրավոր հրաման չի եղել։ Պրովայդերներն իրենք են գնացել այդ քայլին»,-ասել է նա։

 

Անցնող տարվա ընթացքում Տաջիկստանում էապես աճել է Facebook-ի օգտատերերի թիվը։ Այժմ կայքից օգտվում է ավելի քան 40.000 մարդ, ովքեր բնակչության քաղաքականապես ակտիվ մասն են կազմում։


Ընդդիմադիրները պնդում են, որ տեղեկատվական շրջափակումը հավանաբար ավելի է խստանալու՝ 2013թ.-ի աշնանը նախատեսվող ընտրություններին ընդառաջ։