Վարչապետերի ասուլիսի վատորակ թարգմանության հարցով Կառավարությունից ուղորդում են Վրաստանի դեսպանատուն (տեսանյութ)
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսը այսօր անցավ ոչ սահուն պայմաններում: Դրանում իր մեծագույն «նպաստը» ունեցավ վրացական կողմից ներկայացված թարգմանչուհին, ով պարտավորված էր հայերեն շարադրել Իվանիշվիլիի խոսքը, և վրացերեն՝ Տիգրան Սարգսյանի խոսքը: Թե ինչ ստացվեց երկրորդ դեպքում, դժվար է ասել, իսկ ահա վրացերենից հայերեն ուղղակի թարգմանությունից սա մի պատառիկ է:
«Ես ուզում եմ ասել, որ շատ հայ բարեկամներ ունեմ որպես Վրաստանում, նաև Վրաստանից դուրս: Ռուսաստանում ես շատ բարեկամներ ունեմ ազգությամբ հայերը: Ընտրություններից առաջ ես մասնակցել եմ գրեթե բոլոր այն տարածքներ, որտեղ ապրում է հայությունը և ուզում եմ ասել, շատ ջերմ ընդունելություն ունեցել եմ: Ընտրությունների ժամանակ ես ուզում եմ ասել, որ մենք շատ լավ զգում էինք միմյանց և ընտրություններին հետևանքները ապացուցում են այդ: Ես ունեցել եմ մի քանի սրտանց հանդիպումները, և իմ կարծիքով այդ զգացել ա հայությունը, արդյունքները արդեն ընտրությունների հետևանքն են: Հիմա կուզեմ ասել, որ ինչ-որ ես ասել եմ նախընտրական շրջանում, ես անպայման կիրականացնեմ: Ես ուզում եմ ասել, որ մեր կառավարությունը ամեն ինչ է անելու, որ Վրաստանի հայությունը զգա որպես, որ ապրում է իր սեփական երկրում, ես ամեն ինչ կարող եմ անել ինտեգրացիայի համար հասարակության մեջ, և ուզում եմ կրկնել, որ ես ամեն ինչ կարող եմ անել, որ իրականացնել նախընտրական շրջանում ինչ-որ ասել եմ»:
Այս վիճակի կապակցությամբ Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչության պետ Սուսաննա Տոնոյանը մեր հարցին հակիրճ պատասխանեց։ «Թարգմանության կազմակերպումը ապահովել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը»։
Tert.am-ը փորձեց նաև մեկնաբանություններ ստանալ Հայաստանում Վրաստանի դեսպանատնից, սակայն մեր զանգերին պատասխանող այդպես էլ չեղավ։
Տեսանյութը՝ Բիձինա Իվանիշվիլիի YouTube-ի էջի










