Արտաշատում տղամարդը ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակել է ավտոմեքենայի վրա
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 16-ին՝ ժամը 09.30-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հայրապետ Բ.-ին, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հայրապետ Բ.-ն խոստովանել է, որ 2012 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կանգնեցրել է 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ին պատկանող, Դալար գյուղով երթևեկող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել վերջինիս որդին` 1997 թ. ծնված Կարեն Զ.-ն, որը շարունակել է երթևեկությունը և ինքը զայրանալով` իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման գոտի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրեղեն ապացույց որսորդական հրացանը գտնվում է 1972 թ. ծնված Համլետ Խ.-ի տանը:
Համլետ Խ.-ի տան խուզարկության ժամանակ նա հայտարարել է, որ Հայրապետ Բ.-ի որսորդական հրացանը գտնվում է իր կնոջ քրոջ տանը, ինչն էլ վերջինիս տնից առգրավվել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հայրապետ Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:










