Բակո Սահակյանը Արցախի ջրային պաշարները համարել է երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրներին:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, նախագահ Սահակյանը ջրամատակարարումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և պահպանումը համարել է ռազմավարական այն ուղղությունը, որն առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին և հանդիսանում է երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկը:
Անդրադառնալով ոլորտում իրականացվելիք աշխատանքներին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն և ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները, և միաժամանակ, կնախանշի դրանց լուծման ուղիները: Նախագահը նշել է, որ լուծումների հիմքում պետք է ընկած լինեն առողջ տրամաբանությունն ու առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան համալիր կերպով բարելավել առկա իրավիճակը և կայուն հիմքեր ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:










