Սիրիայում ավելի քան 30 սիրիահայ ՀՀ անձնագիր է ստացել
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում hունվարի 17-ին այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան 30 ՀՀ անձնագրեր է հանձնել սիրիահայերին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, անձնագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշել է, որ ՀՀ քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար:
Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած սերնդի զավակների համար սա պատմական և հիշարժան իրադարձություն է և հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը:
Այնուհետև դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն և խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:
Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը և առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը:










