Պետդուման այսօր կքննարկի ՌԴ-ի և Հայաստանի միջև հարկային համաձայնագիրը

01:26 • 18.01.13

ՌԴ պետդուման ուրբաթ կքննարկի Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնության արձանագրությունը, որը վերաբերում է եկամուտների և ունեցվածքի երկակի հարկման վերացմանը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


«Համաձայնագրի կնքման նպատակը երկու երկրների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումն ու ամրապնդումն է, ինչպես նաև երկակի հարկման վերացումը եկամտահարկի և ունեցվածքի մասով, հարկերից խուսափելու կանխարգելումը և հարկային խտրականության բացառումը», - ասվում է ուղեկցող փաստաթղթերում:

 

Հարկերը, որոնց վրա տարածվելու է համաձայնագիրը մասնավորապես կազմակերպությունների ունեցվածքի և շահույթի հարկը, ֆիզիկական անձանց ունեցվածքի և եկամուտի հարկերն են:


ՌԴ խորհրդարանի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Դմիտրի Սաբլինի խոսքով՝, փաստաթուղթն ուղղված է հարկային վերահսկողության էֆեկտիվության բարձրացմանը և ինչպես նաև ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի հարկերի չարաշահումների հակազդմանը:

 


Դմիտրի Սաբլինը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական դաշնակից է և նախկին ԽՍՀՄ տարածքում ամենավստահելի գործընկերներից մեկը:


«Ռուսաստանի Դաշնության կողմից կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ռուս-հայկական ֆինանսա-տնտեսական համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ», - նշել է նա: