Վագոնից ընկած ռուսաստանցին սառնամանիքին 7 կմ վազել է գնացքի հետևից
Մոսկվա-Ներյունգրի ուղևորափոխադրումն իրականացնող գնացքի ուղևորներից մեկը գիշերն ընկել է գնացքից, հայտնում է Вести-ն։ Թե ինչպես է Բրատսկ քաղաքի 42-ամյա բնակչին հաջողվել ողջ մնալ, կարելի է հրաշք անվանել։
Տուժողի խոսքով՝ նա դուրս է եկել ծխելու։ Վերադառնալիս ուղևորը խառնել է դռները և բացել այն դուռը, որն «օգնում է» հայտնվել դրսում։ Դուռն անհասկանալի պատճառներով կողպված չի եղել։
Արդյունքում նա հայտնվել է գծերի վրա, 40 աստիճան ցրտին, մթության մեջ։ Տղամարդը սկսել է վազել գնացքի հետևից։
Սակայն դրան հասնելը անհնարին է եղել։
Տղամարդը վազել է ցրտին 7 կմ և հասել մոտակա Ռիխարդ Զորգե կայարանը, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել։
Ոստիկանները փորձում են պարզել՝ միջադեպը դժբախտ պատահար էր, թե ուղեկցորդի անպատասխանատվության արդյունք, որը չի կողպել «չարաբաստիկ» դուռը։










