Այս ընտրություններում հաղթանակը պետք է լինի համոզիչ. Սերժ Սարգսյանն ասել է Վանաձորում

19:40 • 30.01.13

Լոռու մարզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերջին այցը Վանաձոր քաղաքում էր, որտեղ իր ելույթում նա հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում հաղթանակը պետք է լինի համոզիչ։ 


«Այս ընտրություններում հաղթանակը պետք է լինի համոզիչ։ Մենք ձեզ հետ ճանապարհ ենք հարթում դեպի ապահով Հայաստան հանուն մեր զավակների, մեր երկրի՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին»,- ասաց նա։
«Պետական մեքենան, նրա յուրաքանչյուր օղակը պետք է աշխատի ավելի արդյունավետ։ Այս ուղղությամբ բավական առաջ ենք գնացել, ոչ մի ասպարեզ չթողնելով մթի տակ»,– ընտրություններից հետո իրագործվելիք քայլերի մասին նախագահն ասաց։


Շարունակելով խոսել բարեփոխումների մասին նախագահը նշեց, որ վերջին տարիներին իրականացրած աշխատանքների դրական փորձն այժմ սրբագրում են՝ հաշվի առնելով հասարակական և սոցիալական կյանքի փոփոխությունները։
Ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը՝ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը և նշելով, որ այն պետք է շարունակվի նույն ոգով՝ Հայաստանի շահերը պաշտպանելու համար։


«Ապահով կարող է լինել միայն ուժեղ Հայաստանը՝ մեր մրցակիցների, հակառակորդների կողքին։ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական կեցվածքը, փակ սահմանները, ագրեսիվ, ցինիկ կոչերն էլ ավելի են սրում իրավիճակը տարածաշրջանում, սակայն նրան, ինչին հավատում ենք մենք, հավատալու է նաև հակառակորդը»,- նշեց նա և ավելացրեց, որ Ադրբեջանին ուժի սպառնալիքով չի հաջողվի ծնկի բերել և Հայաստանի և Արցախի ազատ և անկախ ապրելու կամքն ու իրավունքը։
Սերժ Սարգսյանը տնտեսության զարգացմանը զուգահեռ՝ անդրադարձավ աղքատության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերին։


Վանաձորի հանդիպումը ուղեկցվում էր համերգային ծրագրով, որին մասնակցում էին Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Լեյլա Սարիբեկյանը և այլ երգիչներ։