Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին. Րաֆֆի Հովհաննիսյան
Հերթական մարզային այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան այսօր եղել է Արմավիրում, որտեղ նրան ուղեկցել են մի խումբ կամավորականներ և նախընտրական հանդիպումները լուսաբանելու առաքելություն իրականացնող լրագրողներ: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից։ Քարոզարշավի երթուղին այս անգամ ներառել է մարզի գյուղական բնակավայրերերից Շենիկը, Բագրատաշենը, Հացիկը, Վանանդը, Երվանդաշատը և Բագարանը:
Հանդիպումների ժամանակ նախագահի թեկնածուն մանրամասն ներկայացրել է գյուղական համայնքների զարգացման և դրանց տնտեսական արդյունավետության բարձրացման իր մոտեցումները:
«Այսօր գյուղի համար նպաստավոր պայմաններ են հարկավոր՝ առաջին հերթին ներդրումային ու վարկային արտոնյալ ծրագրեր իրականացնելու, ֆերմերային տնտեսություններին զարկ տալու, կոոպերացիայի տարբեր ձևեր կիրառելու, մատչելի գյուղտեխնիկա և այլ կարգի սպասարկումներ ներդնելու, տեղական հիմքի վրա պարարտանյութերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոլորտը լավագույնս կարգավորող օրենսդրական խարիսխ ստեղծելու առումով: Մի խոսքով՝ պետությունը պետք է միշտ կանգնած լինի գյուղացու կողքին, քանզի գյուղը տալիս է ժողովրդի բնական աճի առյուծի բաժինը, գյուղը սահման է պահում և, վերջապես, սննդի վերամշակման հումք է մատակարարում»,- Շենիկում ասել է Հովհաննիսյանը:
Հավարտ իր ելույթի՝ թեկնածուն վստահություն է հայտնել, որ արմավիրցիները փետրվարի 18-ին ակտիվորեն կմասնակցեն նախագահական ընտրություններին և ազատ ու անկաշկանդ մթնոլորտում կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նաև Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի ազատագրության համար մղված Մեծ հերոսամարտում նահատակված հայորդիների հիշատակին:










