Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է փոխել Մեծ Բրիտանիայից անկախացման հանրաքվեին բնակչությանը տրվելիք հարցադրումը
Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է փոխել հարցը, որով պետք է հանրաքվե անցկացվի այդ շրջանի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Եթե ավելի վաղ ենթադրվում էր, որ 2014թ. աշնանը բնակչությանը կհարցնեն. «Դուք համաձա՞յն եք, որ Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի», ապա այժմ հարցը կձևակերպվի այսպես. «Պե՞տք է Շոտլանդիան անկախ լինի»: Պատասխանի տարբերակներն են «այո» կամ «ոչ»:
Փոփոխոթյունները նախաձեռնել է ընտրական կոմիտեն: Այն մտահոգություն է հայտնել հարցադրման մեջ «Դուք համաձա՞յն եք» դարձվածքի կապակցությամբ, որը, փորձագետների կարծիքով, կարող է ընտրողներին տրամադրել «կողմ» արտահայտվելուն. փոխարենն այն պետք է ավելի անկողմնակալ լինի:
Այն բանից հետո, երբ շոտլանդական կառավարությունը որոշում է կայացրել ընդունել ընտրական կոմիտեի առաջարկները, այն պետք է հաստատվի նաև մարզի խորհրդարանի կողմից:










