Նախագահի՝ հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանը 2 ժամով կգնա տուն՝ լողանալու
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից հացադուլ է անում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև, փետրվարի 4-ին երկու ժամով կբացակայի այնտեղից և կգնա տուն՝ լողանալու, այս մասին Բաղրամյան փողոցի վրա տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախագահի թեկնածուն։
«Հացադուլի 15-րդ օրը ես երկու ժամով պետք է գնամ տուն՝ լողանալու: Ես պատրաստ եմ լրագրողներից որևէ մեկին հրավիրել ինձ հետ: Ով որ շահագրգռված է, կարող է գրանցվել: Վերջինս հնարավորություն կունենա հարցազրույցներ վերցնել իմ ընտանիքի անդամների հետ, մինչև ես կարգի կբերեմ իմ մարմինը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում «Ընդդեմ շինծու ընտրությունների». մի շարք քաղաքական պահանջներով, որոնցից մեկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:










