Կալիֆոռնիայում 8 հայ է ձերբակալվել 82 հազար դոլարի ապահովագրական խարդախության մեղադրանքով
ԱՄՆ-ում ձերբակալվել է Գլենդեյլ և Բըրբենք քաղաքների 8 հայազգի բնակիչ, ովքեր մեղադրվում են ապահովագրական խարդախության կազմակերպման և այդ ճանապարհով 82 հազար դոլար կորզելու համար։ Այս մասին հայտնում է Burbank Leader-ը՝ նշելով, որ մեղադրյալները 2008թ. 2 կեղծ ավտովթար են «բեմադրել», ինչպես նաև «վանդալիզմի» դեպք են արձանագրել, ինչի արդյունքում նրանց հաջողվել է ապահովագրական ընկերություններից ստանալ նշված գումարը։
Պարբերականը նշում է, որ 2 տարի առաջ քննիչների մոտ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ 45-ամյա Սուրեն Գրիգորյանը պահանջ է ներկայացրել ապահովագրական ընկերությանը՝ պնդելով, թե Բըրբենքում իր տան մոտ կայանած Mercedes մակնիշի մեքենան վանդալիզմի է ենթարկվել։ Քննիչներին այս տեղեկությունը հայտնած աղբյուրի պնդման համաձայն՝ Գիրգորյանն անձամբ է վնասել իր մեքենան՝ ապահովագրական ընկերությունից շորթելով 20 հազար դոլար։
Ավելի ուշ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ ևս 7 մարդ՝ Գրիգորյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները, ներքաշված են եղել խարդախությունների մեջ, որոնց օգնությամբ նրանց հաջողվել է ապահովագարական ընկերություններից ստանալ 62 հազար դոլար։
Գրիգորյանից զատ, հունվարի 10-ին իրավապահները ձերբակալել են նաև 36-ամյա Աիդա Հակոբյանին, 62-ամյա Սեդա Մարգարյանին, 74-ամյա Մասիս Գալստյանին, 49-ամյա Ռոզա Գալստյանին, 42-ամյա Ռոզա Իսայանին և 49-ամյա Սեթիկ Փաթաթանյանին։ Բացի Փաթաթանյանից ու Մասիս Գալստյանից, ովքեր Գլենդեյլում են ապրում, մնացած բոլոր ձերբակալվածները Բըրբենքի բնակիչներ են։
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև մինչև 50 հազար դոլար տուգանք։










