Արթուր Բաղդասարյանը Բաքվին քննադատում է միջնադարյան մտածելակերպ ունենալու համար

17:55 • 31.01.13

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է պաշտոնական ադրբեջանի արձագանքը` կապված քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու Ադրբեջանի նոր օրենքի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության հետ, որը նա արել էր օրերս՝ Երևան կատարած այցի ժամանակ։


«Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն այնտեղ, որտեղ նրանց ամենևին չեն սպասում»,– ասել է նա:


Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Էլդար Սաբիրօղլուն Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունից հետո նրան մեղադրել էր տարածաշրջանում անկայունության մթնոլորտ ստեղծելու մեջ և հայտարարել, թե ՀԱՊԿ ղեկավարը «բազմիցս և անարդարացիորեն պաշտպանել է Հայաստանին»։

 


Արթուր Բաղդասարյանը նաև համոզմունք է հայտնել, որ «21-րդ դարում նման միջնադարյան մտածելակերպը չի կարող հարգի լինել, իսկ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու յուրաքանչյուր դրսևորում դատապարտելի է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ, թերևս, ցանկացած միջազգային կառույցի համար:


«Հայաստանը կարող է լիարժեք ապահովել և պաշտպանել մեր քաղաքացիական օդանավերի անվտանգությունը: Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը»,– ավելացրել է նա:


Հիշեցնենք, որ Նիկոլայ Բորդյուժան Երևանում օրեր առաջ հայտարարել էր, որ լուրջ չի ընդունում Ադրբեջանի նոր օրենքը, որը թույլ է տալիս հարվածել երկրի օդային տարածք ապօրինի մուտք գործող նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել էր, որ այդ օրենքը կա՛մ սխալ է մեկնաբանվում, կա՛մ էլ, երևի, կատակ է։