Ադրբեջանը խաղաղապահներին դուրս կբերի Աֆղանստանից
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ավարտից հետո՝ այս տարվա վերջին, հետ են կանչվելու նաև Ադրբեջանի խաղաղապահները, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Գործակալության՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, իշխանության վերին էշելոններում քննարկվում է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո ադրբեջանցի զինծառայողների մնալը հնարավոր չի լինի։
Ադրբեջանի Մեջլիսի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջն ասել է, որ հարցը քննարկվում է։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելուց հետո Աֆղանստանը լքելու են նաև ադրբեջանցիները։
«Դրա հետ կապված՝ խորհրդարանն առաջարկություն կներկայացնի։ Կար տեսակետ, որ ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո այդ դերը կստանձնի Թուրքիան, և նրա հրամանատարության տակ կմնան նաև ադրբեջանցի խաղաղապահները։ Սակայն իրավիճակն արդեն փոխվել է։ Աֆղանստանում տարածաշրջանային և միջազգային իրավիճակով պայմանավորված՝ մենք դուրս կբերենք ադրբեջանցի խաղաղապահներին, և երկրում իրավիճակը կվերահսկեն տեղի զինված ուժերն ու ոստիկանությունը»,-ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի 140.000-անոց կոնտինգենտի դուրս բերումից հետո Ադրբեջանը ևս դուրս կբերի խաղաղապահներին։ «Ոչ ոք թող չակնկալի, որ մենք այլ որոշում կկայացնենք։ Ադրբեջանն Աֆղանստանից դուրս կգա՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Աֆղանստանում ընդամենը 22 խաղաղապահ զինծառայող ունի, որոնք Աֆղանստանում են 2002թ.-ից։










