Իվանիշվիլիի համախոհը խորհուրդ է տվել Լուկաշենկոյին «չերևալ» Վրաստանում
Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խորհուրդ չէր տա այցելել Վրաստան, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով «Մեդիանյուս»-ին։ Միևնույն ժամանակ վրացի խորհրդարանականը մեղադրել է բելառուսական իշխանություններին քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելու համար։
«Ես խորհուրդ եմ տալիս պարոն Լուկաշենկոյին չայցելել Վրաստան։ Օրինակ՝ ես և իմ կուսակցությունը կանենք հնարավորը, որպեսզի այցելելու դեպքում նա լավ հասկանա՝ ինչ պատասխան է իրեն սպասելու այն մարդկանց ձերբակալությունների համար, որոնց փակել է բանտերում»,- ասել է Բերձենիշվիլին։ Նա հավելել է, որ Բելառուսում ձերբակալված «քաղբանտարկյալների» թվում կան նաև իր ընկերները։
Թե ինչ են պատրաստվում անել պատգամավորն ու իր համախոհները, չի մանրամասնվում։
Հանրապետական կուսակցությունն ընդգրկված է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայում, որի առաջնորդն է Բիձինա Իվանիշվիլին։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն վերջին շրջանում բազմիցս Վրաստանին առաջարկել է վերադառնալ ԱՊՀ (այս երկիրը դուրս էր եկել ԱՊՀ-ից 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո) և պատրաստակամություն էր հայտնել նպաստել դրան։ Վերջերս նա ասել է, որ մտադիր է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով այցելել Վրաստան և այդ հարցը քննարկել երկրի իշխանությունների հետ։










