Արքայազն Չարլզը 33 տարվա ընթացքում առաջին անգամ երթևեկել է մետրոյով (լուսանկարներ)

10:08 • 31.01.13

Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, այսօր առաջին անգամ միասին երթևեկել են մետրոյով, հայտնում է newsru.com-ը։


«Ֆարինգդոն» կայարանից մինչև «Քինգ-քրոս» կայարան երթևեկությունը նվիրված է եղել լոնդոնյան մետրոպոլիտենի 150-ամյակին, որը լայնորեն նշվում է Միացյալ Թագավորությունում։

 

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, կայարան մտնելիս թագավորական ընտանիքի անդամները նվեր են ստացել Oyster տոնական տրանսպորտային քարտեր, որոնց հաշվին եղել է 10 ֆունտ ստերլինգ, որոնցով էլ նրանք վճարել են։ Երկու քարտերն էլ կփոխանցվեն Թագավորական հավաքածուին։

 

Նորագույն գնացքներով երթևեկելիս Չարլզին և Կամիլային ուղեկցել են բազմաթիվ լրագրողներ և անվտանգության աշխատակիցներ։


Վերջին անգամ Չարլզը մետրոյում եղել էր 1979թ. ապրիլին, երբ մասնակցում էր մետրոյի Հոբելյանական գծի բացմանը։