Դատարկվող գյուղի պատկերը միակ բանն է, որ ինձ հունից կարող է հանել. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Եղվարդ քաղաքում խոսեց գյուղի խնդիրներից՝ ընդգծելով, որ ինքը գյուղեր այցելելիս խոր կսկիծով ու դառնությամբ է լցվում դատարկ տներ տեսնելիս։
«Գյուղերում տների դարպասներին ժանգոտված, գոցված փականներն ամենից ծանր տպավորություն են թողնում։ Դատարկվող գյուղի պատկերը միակ բանն է, որ ինձ հունից կարող է հանել»,- ասաց նա, ապա հավելեց. «Պետք չէ մոռանալ մեր ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար և դժվար է սառնասրտորեն նայել դատարկվող գյուղերին, դա բոլոր դեպքերում մեր խնդիրն է, մեր ցավն է և պետք է լուծում գտնել»,- հայտարարեց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի համայնք և ոլորտ, որի հարցերին ինքն անդրադարձած չլինի և առկա խնդիրներին լուծումներ տված չլինի։ Սակայն միաժամանակ նշեց, որ ամեն տեղ չէ որ հաջողություններ են արձանագրել։
«Հազար մղոն ճանապարհ անցնելու համար պետք է կատարել առաջին քայլը։ Ես ծառայել եմ իմ ժողովրդին և իմ գործին ազնվությամբ և հիմա հանդիպելով տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, խնդրում եմ վերահաստատել ինձ տված ձեր քվեն , որպեսզի կարողանամ շարունակել այն աշխատանքները, որոնք կամ կիսատ են մնացել, կամ հաջողություն չի եղել»,- ասաց նա։
ՀՀ նախագահը նշեց, որ ինքը գյուղացիների հետ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերում։ «Մենք խոստանում ենք, որ գյուղում կյանքը լինի ավելի հեշտ և լավ, իսկ իրենք պարտավորվեն, որ իրենց զավակներին համոզեն, որ դրսում կյանքը միշտ չէ, որ լավ է լինում և համոզեն նրանց, որ մեր հայրենիքի զորության համար աշխատեն և ոչ թե դրսի»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների ծրագրից՝ նշելով, որ իրենք պարտավորվում են նպաստել գյուղատնտեսության զարգացմանը։
«Այն, ինչ վերջին երկու տարի իրականացրել ենք, շարունակելու ենք նույն ձևով՝ մատչելի վարկերի տրամադրում, շուկայականից ցածր գներով՝ վառելիք, սերմնացու նաև գյուղտեխնիկայի հարցն ենք լուծելու»,- ասաց նա և ավելացրեց, որ արդեն ինչ-որ չափով կոոպերացիայի էլեմենտներ պարունակող ծրագիր են ուզում կիրառել։ Նշեց նաև, որ կլուծվեն ջրամատակարարման և ջրօգտագործման հարցերը. մոտակա տարիներին կառուցվելու են նոր ջրատարներ, երեք ջրամբար։
Վերջում Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ իր համար չափազանց կարևոր են լավ ընտրությունները։ «Հայաստանի զարգացման համար ընտրությունների որակը չափազանց կարևոր է, ամեն ընտրությունների ես ասում եմ, որ ավելի լավ է ունենանք ավելի քիչ տոկոս, բայց ազատ ընտրություններ։ Ես շատ եմ խնդրում այս հարցի վրա դուք ուշադրություն դարձրեք։ Լավ, ազատ, արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն ավելի երկար է միջազգային հանրության առաջ, սա հաշվի առեք»,- նշեց նա։










