Երևանում Եվրոպական Միության կենտրոն բավեց (լուսանկարներ)
Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի փողոցում, այսօր տեղի ունեցավ Եվրոպական Միության կենտրոնի բացումը, որը Հայաստանում Եվրոպական միության հաղորդակցության հանգույց պետք է դառնա:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ:
Տրայան Հրիսթեան նշեց, որ կենտրոնը երկար սպասված էր Հայաստանում և ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան զարգացման համագործակցությունն ավելի քան երբևէ ակտիվ է:
«Այսօր մենք ՀՀ-ում իրականացնում ենք ավելի քան 80 ծրագիր, որոնք ուղղված են բարեփոխումներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, առևտրի և տնտեսական զարգացմանը, միգրացիայի, մշակույթի և այլ ոլորտներում: Բազմաթիվ ձեռքբերումներ ունենք այստեղ, բայց համոզված ենք, որ բարեփոխումները դեռ առջևում են: Կենտրոնը միտված է լինելու հանրությանը տեղեկատվություն տրամադրել այն հարցի շուրջ, թե ԵՄ-ն ինչ ծրագրեր է իրականացնելու Հայաստանում: Սա Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության հիմնական առաքելությունն է»,- ասաց նա:
Դեսպանը նաև տեղեկացրեց, որ կենտրոնի գործառույթներից մեկը համագործակցությունն է կրթական ոլորտի հետ՝ միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատությունների ներգրավմամբ:
Արթուր Բաղդասարյանը կենտրոնի բացումը որակեց որպես ԵՄ-Հայաստան երեք տարիների աշխատանքի արդյունք: Նա ընդգծեց, որ Եվրոպական Միության տեղեկատվական կենտրոնի հիմնումը հանրությանը ԵՄ-ի մասին հանգամանալից տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի:
«Մեր նվազագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ևս 70 ծրագիր կարելի է ընդգրկել, ու մեր երկիրը տանել վերանորոգումների ճանապարհով: ԵՄ-ի՝ ավելին ավելիի դիմաց քաղաքականությունը ուզում եմ ողջունել և նշել, որ Հայաստանն արդեն օգտվել է այդ հնարավորությունից: Այսօր ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիանալի ընթացք ունեն, իսկ կենտրոնի բացումը նոր հնարավորություններ կտա: Շատ ծրագրեր կան, որոնք հասանելի չեն պետական ու հանրային հատվածին, իսկ կենտրոնի շնորհիվ հնարավորություն կա ծանոթանալու ծրագրերին ու ներգրավվել»,- ասաց նա:
Կենտրոնը հասարակության համար բաց կլինի գարնանից: Ծրագրի տևողությունը երկու տարի է:










