Ֆրանսիան Մալիի իշխանություններին բանակցությունների կոչ է արել

10:49 • 31.01.13

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել Մալիի կառավարությանը և հյուսիսի «օրինական ներկայացուցիչներին» խաղաղության հաստատման բանակցություններ սկսել, հայտնում է France 24-ը՝ ընդգծելով, որ այդ կոչը հաջորդել է  ֆրանսիական զորքերի կողմից իսլամիստների հսկողության տակ գտնվող վերջին քաղաքի՝ Քիդալի գրավմանը։

 

«Միայն հյուսիս-հարավ երկխոսությունը կարող է Մալիի իշխանությունների համար երկրի հյուսիս վերադառնալու ամուր հիմք հանդիսանալ։ Հյուսիսում բնակվող ժողովուրդներն ու ոչ ահաբեկչական զինված խմբավորումները պետք է համաձայնեն հարավի հետ բանակցությանը»,-հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

 

Միացյալ Նահանգներն իր հերթին կոչ է արել Մալիի բնակիչներին զերծ մնալ տուարեգների կամ մյուս էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վրեժխնդրության հարձակումներից։

 

Ֆրանսիական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Մալիում այս տարվա հունվարի 11-ից՝ նպատակ ունենալով չեզոքացնել իսլամիստների՝ երկրի հյուսիսում ունեցած վերահսկող դիրքը։