Հովհաննես Սահակյանը խոստացավ պարզաբանել Արմեն Մարտիրոսյանի մատնանշած ընտրախախտումները
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նախընտրական քարոզարշավի անցկացման մակարդակը բարձր է գնահատում: Ըստ նրա, Հայաստանում ընթանում է քաղաքակիրթ քարոզարշավ: Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Եթե նախկինում կային դժգոհություններ քարոզչանյութերի հետ կապված, հիմա նման խնդիր չկա: Որևէ համայնքապետ անկախ կուսակցության պատկանելիությունից խոչընդոտ չէ որևէ թեկնածուի համար: Սա ձեռքբերում է նաև ընտրական փուլի համար, այս ընտրական մշակույթը պետք է ամրապնդենք ընտրական օրը»,- ասաց նա և ավելացրեց, որ պարտադիր չէ ջարդել փշրել, որպեսզի հասկանալի լինի, որ երկրում անցկացվում են նախընտրական քարոզարշավ:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը համաձայնեց իր գործընկերոջ այն մտքի հետ, որ Հայաստանում անցկացվում է քաղաքակիրթ քարոզարշավ: Բայց միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք ստանում են ահազանգեր անօրինականությունների մասին:
«Չարենցավանում և հարակից գյուղերում Վարդան Այվազյանն է հանդիպում ուսուցիչների հետ դասերի ժամի հաշվին ու քարոզարշավ իրականացնում: Ադմինիստրատիվ ռեսուրսների վատնում է իրականացվում, մարդկանց անձնագրերն են հավաքում կամ անձնագրի համարները վերցնում»,-ասաց նա:
Հովհաննես Սահակյանը` ի պատասխան նշեց, որ եթե կան փաստեր, թող ներկայացնեն, եթե ոչ՝ ուրեմն պետք է միասին անցկացնել քաղաքակիրթ ընտրություններ:
«Մենք չենք ուզում ընտրախախտումներ անել: Մենք քննադատում ենք ընտրակաշառքը և ընտրակեղծիքները, և պատրաստ ենք համագործակցել այս գործում: Այստեղ, եթե մենք կարողանանք համագործակցել, ոչ մի վատ բան չկա»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը Հովհաննես Սահակյանին հիշեցրեց, որ ինքը քիչ առաջ տվեց տեղանունների ու այն մարդկանց անունները, որոնք կապված են ընտրախախտումների հետ: Հովհաննես Սահակյանը գրեց իր մոտ և խոստացավ պարզաբանել:










